Վահագնի ծնունդը

Վահագն, ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։ Ամենամանրամասն նկարագրությունը տվել է Մովսես Խորենացին «Հայոց պատմություն» աշխատության մեջ։ Խորենացին Վահագնին համարել է Տիգրան Երվանդյանի որդին։ Խորենացու շնորհիվ է նաև, որ պահպանվել է Վահագնի դյուցազներգության մի հատվածը՝ «Վահագնի ծնունդը», որտեղ նկարագրվում է Վահագնը և նրա ծնունդը։Ըստ ավանդության՝ Վահագնը ծնվել է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում էին երկունքի ցավերով։ Երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծխից ու բոց արձակող փողից վազելով ելել է պատանի Վահագնը։ Նա ուներ ծովում բռնկված եղեգնի բոցերից ելնող  հրեղեն մորուք ու մազեր, արեգակնակերպ աչքեր։ Վահագնը ծնվելուն պես կռվի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից։

 

Վահագնի անվան հետ է կապվում Հարդագողի ճանապարհ անվանումը։ Ըստ ավանդության ասորիների աստվածային նախնի ԲարշամիցՎահագնը հարդ է գողանում, որի հետքը մնում է երկնքում և գոյացնում Հարդագողի ճանապարհը՝ Ծիր Կաթինը։ Հելլենիստական ժամանակաշրջանում Վահագնը նույնացվել է Հերակլեսի հետ և ստացել նոր հատկանիշներ։

 

Վահագնի գլխավոր մեհյանը գտնվել է Տարոնի Աշտիշատ ավանում։ Մեհյաններ են եղել նաև Հայաստանի այլ վայրերում։ Հայոց տոմարում Վահագնի անունով է կոչվել ամսվա 27-րդ օրը։ Վահագնի պաշտամունքը այժմ տարածված է հայկական նեոհեթանոսության մեջ։

Оставьте комментарий